Մեր Մասին

Շուրջ 20,000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում:
Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: ԿԿԱ և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը:

Կենսաբազմազանության պահպանություն

ԿԿԱ ամբողջ տարածքում տեղադրված են ուղիղ հեռարձակում ապահովող և GPS-ով կառավարվող նոր սերնդի թակարդ-տեսախցիկներ, որոնց առավելությունը, ի թիվս ճշգրիտ տվյալների ապահովման, հեռահար կառավարումն ու 24/7 մշտադիտարկման հնարավորությունն է: Ապաստարանի տեսախցիկները ոչ միայն ուղիղ անցում են ապահովում դեպի վայրի բնություն, այլև կանխում են ապօրինի ներխուժումները և որսագողությունը՝ ապահովելով տարածքի անվտանգությունը: 2011-2017թթ. ընթացքում տեսանյութերի վերլուծությամբ տարածքում գրանցվել է կարմիրգրքային կենդանատեսակների քանակական աճ, որոնց թվում՝ բեզոարյան այծեր, գորշ արջեր, մորուքավոր անգղեր, քարարծիվներ, սպիտակագլուխ անգղեր, երկարաոտն սցինկ: Տարածքում բազմիցս տեսագրվել են գորշ գայլեր, կովկասյան լուսաններ, գորշուկներ, կզաքիսազգիներ և վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ տեսանկարահանվել է Կովկասյան հովազը, որից, ըստ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի ՀՀ-ում կարող է հանդիպել առավելագույնը 8-13 առանձնյակ

Նորարարություն

ԿԿԱ-ի առանցքային գործունեությունը միտված է Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությանը՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ, իսկ կենսաբազմազանության պահպանության նախաձեռնությունների հիմքը միջազգային փորձն ու նորարարությունն է։ Նոր սերնդի թակարդ տեսախցիկները հնարավորություն են ընձեռում ոչ միայն գրանցել կենդանիների թվաքանակն ու տեղաշարժը, այլև հաջողությամբ տեսանկարահանում են որսագողերին և տարածք ապօրինի մուտք գործած անձանց:
Հաշվի առնելով ԿԿԱ-ի կլիմայական պայմանները՝ որպես հերթական նորարարություն ԿԿԱ-ի ծառատնկման նախագծում առաջին անգամ կիրառվել է հիդրոգել՝ ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, ինչպես նաև տեղադրվել է ոռոգման կաթիլային և խորն արմատային ջրման նորագույն համակարգ, ինչն ապահովում է շուրջ 3500 վայրի պտղատու ծառատեսակների ջրումը կիսաչորային գոտում:

Համայնքային զարգացում

ԿԿԱ-ի մոդելների կիրառման արդյունքում հարակից թիրախային համայնքները անմիջականորեն ներառվում են տարածքի կենսաբազմազանության պահպանման գործում, ստեղծվում են մշտական և սեզոնային աշխատատեղեր, զարգանում են էկո-զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, գյուղական համայնքներում խթանվում է փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: Այսպես օրինակ, տարածքի անտառապահները, էկո-զբոսավարները, խոհարարները և սպասարկող անձնակազմը տեղաբնակներ են, իսկ էկո-կենտրոնում իրացվող բնամթերքի մատակարարները՝ մոտակա համայնքների բնակիչները, ում գործունեությանը աջակցելու նպատակով հիմք է դրվել ՓՄՁ զարգացմանը հարակից համայնքային փնջում: Զարգացման երրորդ բաղադրիչը համայնքի ենթակառուցվածքների վերանորոգումն ու արդիականացումն է, ինչպես օրինակ ջրամատակարարման ցանցի բարելավումը, էներգախնայող լուսարձակներով փողոցային լուսավորության ապահովումը, արևային վահանակների տեղադրումը և կրթական հաստատությունների վերանորոգումն ու վերազինումը:

Ուղիղ հեռարձակում

Ուղիղ հեռարձակում ապահովող և GPS-ով կառավարվող նոր սերնդի տեսախցիկների միջոցով ԿԿԱ կենսաբազմազանության մշտադիտարկումն իրականացվում է 24/7 ռեժիմով: Ապաստարանի տեսախցիկները ոչ միայն ուղիղ անցում են ապահովում քաղաքային միջավայրից դեպի վայրի բնություն, այլև կանխում են ապօրինի ներխուժումները, հնարավոր որսագողության դեպքերն ու ապահովում տարածքի անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակման տեսախցիկները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վորլդ Լենդ Թրաստ բրիտանական բարեգործական ընկերության աջակցությամբ։