814 ծառ՝ անտառվերականգնման նպատակով

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում վերջին տարին կարելի է համարել նորարարությունների տարի։ Կիրառելով մի շարք ժամանակակից տեխնոլոգիաներ` մոտ 3800քմ տարածության վրա տնկվել է ավելի քան 850 ծառ։ Անտառապատման աշխատանքներ են տարվում արդեն 4 տարի, սակայն փորձարարական տնկումները մեկնարկել են 2015 թվականի աշնանը և շարունակվել 2016-ի գարնանը։ Դրանց արդյունքները հիմք կդառնան հետագա մեծածավալ անտառվերականգնման համար։

Այժմ մշակման փուլում է ապաստարանի անտառվերականգնման քարտեզը․ առանձնացվում են հատկապես խոցելի տեղանքներն և իրականացվում միջոցառումներ՝ բացասական երևույթները կանխելու ուղղությամբ։

2016 թվականի միջոցառումների ցանկում է նաև լայնածավալ սերմնահավաքը։ Նպատակը սեփական սերմնային բանկի ստեղծումն է, ինչը կենսաբազմազանության պահպանության գործում կարևոր գենետիկ ռեսուրս է։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այսուհետ անտառվերականգնման աշխատանքները կիրականացվեն բացառապես տեղական-տարածաշրջանային ծագմամբ սերմերից ստացված բուսակներով։ 2015-ին հիմնադրված տնկարանային տնտեսությունը կծառայի հենց այդ նպատակին՝ արտադրելու բարձրորակ, մեծաքանակ սերմնաբուսակներ։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տնկադաշտերում տարվող մշտադիտարկումները հնավարություն են տալիս կատարել մթնոլորտային տեղումների քանակի, հողի խոնավության, օդի ջերմաստիճանի ու խոնավության չափումներ, ինչի հիման վրա էլ սահմանվում է ոռոգման նորման։

Հիդրոգել կոչվող ջրի կուտակիչ պոլիմերային նյութի կիրառությունը նորաստեղծ տնկարկներում դեռևս ուսումնասիրման փուլում է։ Չնայած, որ բյուրեղիկների առանձգականությունն ու ջրակլանիչ, կուտակիչ հատկությունը հետազոտված է, այդուհանդերձ առավել հանգամանալից ֆիզիոլոգիական բնույթի ուսումնասիրություններ են հարկավոր` պարզելու բույսերի համար մատչելիությունը։

Տնկադաշտերում կիրառվեց նաև մեկ այլ նորարարություն՝ խորը արմատային ոռոգման համակարգը։

Ընդարձակ աշխատանքները շուտով հնարավորություն կտան ձևավորելու կայուն գիտական ներուժ, որը կծառայի ոչ միայն սեփական կարողությունների զարգացմանը, այլև գործընկեր կազմակերպություններին ու շահառու համայնքներին։