Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում 2019թ․-ին տեղի ունեցավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառուցված «Գնիշիկ այցելուների կենտրոնի» (Gnishik Visit Center) բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Վիվա-Սելլ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը, Գնիշիկ բնակավայրի վարչական ղեկավար Արա Լևոնյանը և այլոք։ Կենտրոնի կառուցումը նշանակալի դեր ունի թե՛ համայնքի զարգացման, թե՛ համայնքում զբոսաշրջության ակտիվացման, թե՛ կենսաբազմազանության պահպանման և թե՛ գիտական աշխատանքներ կատարելու տեսանկյունից։ Այն մաս է կազմում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի և նպաստում է էկո-զբոսաշրջության զարգացմանը։

Այցելուների կենտրոնում գործում է նաև հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի անվան գրադարան, որը հիմնական ուղղվածությունը կլինի հենց բուսական աշխարհը և դրան վերաբերվող ուսումնասիրությունները։ Քանի որ համայնքն ունի հարուստ կենսաբազմազանություն Կենտրոնի հիմնական նպատակներից է հայկական բնաշխարհի յուրահատուկ տեսակների ուսումնասիրմանն ու պահպանությանը նպաստելը՝ տարածքում ներգրավելով նաև օտարերկրյա ուսանողներ և ոլորտի մասնագետներ։

«Գնիշիկ այցելուների կենտրոնի» միջոցով նախատեսվում է համայնքում զարգացնել էկո-տուրիզմը՝ շեշտը դնելով բնության համար հնարավորինս անվնաս զբոսաշրջության զարգացման վրա:

«Գնիշիկ այցելուների կենտրոնի» (Gnishik Visit Center) կառուցումն իրականություն է դարձել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկեր և հոգաբարձուների խորհրդի անդամ Հայգ Բալյանի, «World Land Trust» կազմակերպության, «Վիվա-Սելլ ՄՏՍ» ընկերության աջակցությամբ։