Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը՝ ժամանակակից արվեստի hարթակ

Փետրվարի 16-ից 17-ը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն Էկո-կենտրոնում հյուրընկալեց մի խումբ ժամանակակից արվեստագետների. այս այցը նշանավորեց «Ինքնագիր» գրական ակումբի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության սկիզբը: Երկու կազմակերպությունների գործակցությամբ առաջիկա ամիսներին կիրականացվի «Խոսող ծառը» ստեղծագործական նախագիծը:
Նախագիծը կմիավորի 10 արվեստագետների, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում կստեղծվեն ժամանակակից արվեստի գործեր՝ փերֆորմանսներ, տեսանյութեր, տեքստեր ու երաժշտություն, որպես բնության հետ երկխոսության գործնական արտահայտումներ: Դրանց ստեղծմանը կաջակցի FPWC-ն՝ տրամադրելով կենդանիների մշտադիտարկումների նկարահանումներ, թակարդ-տեսախցիկների տեանյութեր, գիտահետազոտական նյութեր և այլն: Այս օրերին արվեստագետներն ապաստարանում էին նախապատրաստական այցով՝ տարածքն ուսումնասիրելու և ստեղծվելիք գործերը քննարկելու:
Նախագծի երկրորդ փուլում, որը տեղի կունենա ավելի ուշ՝ գարնանը, արվեստագետները երկրորդ անգամ կայցելեն ապաստարան՝ արդեն աշխատելու: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում «Ինքնագիր» գրական ակումբի անդամների ստեղծած գործերը կցուցադրվեն «Ականաթ» արվեստի ցուցասրահում և առցանց: