Կենսաբազմազանության պահպանման նոր հեռանկարներ

Հունիսի 8-11-ը տեղի ունեցավ «Մասնավոր պահպանվող տարածքների առավելությունները համայնքային զարգացման և կենսաբազմազանության պահպանման համար» թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպում։ Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Իրանի, Վրաստանի, Ղազախստանի գործընկեր կառույցներից և ԲՊՄՄ-Ի Նիդերլանդների ազգային կոմիտեից (IUCN NL):

Հանդիպման նպատակն էր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման խնդիրները և կարևորել թիրախային համայնքների անմիջական մասնակցությունն այդ գործընթացին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակել ոլորտում տարիների կուտակած փորձը, բացահայտել բնության պահպանության ներկա մարտահրավերները և գտնել արդիական մոտեցումներ։ Հանդիպման նպատակն էր սահմանել հարավկովկասյան տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման առաջնահերթությունները և քննարկել տարածաշրջանի երկրների և շահագրգիռ կողմերի համագործակցության հնարավորություններն առավել վտանգված կենդանատեսակների և էկոլոգիական միջանցքների պահպանման ուղղությամբ։

Մասնակիցները շրջայց կատարեցին նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, տեղում ծանոթացան ապաստարանի գործունեությանն ու ձեռք բերված արդյունքներին։

Աշխատաժողովի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց երկրների լավագույն փորձը, առկա մարտահրավերներն ու խնդիրները, ոլորտի օրենսդրության պահանջները։ Մասնակիցներն ուրախությամբ էին նշում, որ ոգեշնչված են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի կարճ ժամանակահատվածում ձեռք բերած ցուցանիշներով և ակնկալում են ընդլայնված համագործակցություն։

Նախագիծը ֆինանսավորվում է հոլանդական Otterfund հիմնադրամի կողմից: