25 բուսակներ վերատնկվեցին փորձադաշտում

Հունիսի 13-ից 17-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հյուրընկալեց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան փորձի փոխանակման նպատակով ժամանած Բնության պահպանման համաշարհային միության (IUCN) հոլանդական անդամ կազմակերպություններին։

«Կաթնասունների ուսումնասիրության և պահպանման կազմակերպության», «Butterfly» հիմնադրամի (De Vlinderstichting), «Het Zeeuwse Landschap» հիմնադրամի, Բնության պահպանման համաշարհային միության էկոհամակարգի կառավարման հանձնաժողովի, «AVALON» և «SOVON» հիմնադրամների ներկայացուցիչները կիսվեցին ներկայումս Եվրոպայում կիրառվող կենսաբազմազանության մշտադիտարկման և առաջադեմ մոտեցումների վերաբերյալ իրենց հարուստ փորձով։ Հանդիպման նպատակն էր սահմանել Արևելյան Եվրոպայում կենսաբազմազանության պահպանման առաջնահերթությունները, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված տեսակների մշտադիտարկման միջոցով համեմատել պահպանման ռազմավարությունները։

Բնության պահպանման համաշարհային միության (IUCN NL) հոլանդացի ներկայացուցիչները եռօրյա հագեցած ուղևորություն ունեցան Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հեռավոր շրջաններ, նաև Խոսրովի անտառ պետական արգելոց և Արմաշի լճեր՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ կենդանական, բուսական աշխարհին և բացահայտելու համագործակցության հնարավոր շրջանակը։

Ներկայացուցիչները կարևորում են Հայաստանում մասնավոր պահպանվող տարածքների զարգացման խթանումը՝ Եվրոպայում նման մոդելների հաջողված առկայությանը օրինակ բերելով։ Մասնավոր պահպանվող տարածքները նպաստում են կեսնաբազմազանության պահպանմանը։

Ուղևորության ավարտին կազմակերպությունների ներկայացուցիչները միասնական պահպանության ռազմավարության և գործողությունների ծրագրի վրա աշխատելու համաձայնության եկան։ Վերջինիս նպատակը Կարմիր գրքում ցուցակագրված և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում հանդիպող կաթնասունների, թռչունների, թիթեռների և կենսաբազմազանության այլ տեսակների շրջանում մշտադիտարկումներ անցկացնելն է՝ այսպիսով ընդլայնելով համագործակցության ցանցը հոլանդական և հայկական համալսարանների միջև։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Բնության պահպանման համաշխարհային միության անդամ է 2012 թվականից։