Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացնում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Սա ոչ միայն կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագիր է, այլև վայրի կենդանիների համար բավարար սննդի ու ապահովության ստեղծման միջով, որը նաև կնպաստի մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը։

«Անտառային լանդշաֆտերի վերականգնման ծրագրի» շրջանակում ստեղծված տնկարանը գտնվում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում և կարևոր ենթակառուցվածք է հանդիսանում։

Էնդեմիկ բուսատեսակների սածիլների տնկման նպատակով ընտրվել և կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդը։ Այս մեթոդի հիմքում էնդեմիկ բուսատեսակների սերմերի ընտրության, արտադրության և հետագա վերամշակման գաղափարն է, որը հարմարեցված է կոնկրետ տնկման միջավայրի ֆիզիկական և մորֆոլոգիական բնութագրիչներին։ Նախ, ընտրվում է տեղի էնդեմիկ բուսատեսակի սերմ, սածիլները խնամքով մշակվում են տնկարաններում, այսպիսով հարմարեցվում են այն տարածքին, որտեղ տնկվելու են, իսկ համատեղելով բույսի որակային հատկանիշներն ապահովող այլ հատկությունների հետ, ապահովվում է բարձր կպչողականություն։

2016թ․-ից իրականացվող ծրագրի ընթացքում արդեն իսկ տնկվել են տասնյակ հազարավոր տնկիներ Հայաստանի տարբեր մարզերում, ինչը բավական մեծ ջանք և եռանդ է պահանջել։ Ծրագիրը շարունակական է և առաջիկայում նախատեսվում է ավելի ընդլայնվել։ Կարևոր հանգամանք է, որ նախապատվություն տրվում է վայրի բերքատուներին, քանի որ դրանց պտուղը սննդի աղբյուր է տվյալ տարածքում հանդիպող որոշ կենդանիների համար: