ԿԿԱ հաշվետվություն

Շուտով գարուն է, և տաք եղանակների վերադառնալուն պես կյանքը նոր շունչ է առնում նաև ԿԿԱ-ը: 2011/2012 – ի ձմեռն աչքի ընկավ սովորականից ցածր ջերմաստիճանով, ձյան առատ տեղումներով, ինչը խոչնդոտում էր մեր ամենօրյա աշխատանքին, քանի որ ԿԿԱ որոշ հատվածներ դարձել էին անանցանելի՝ թե՛ ամենագնացների, թև՛ ձիերի համար:

Գարնանամուտը նշանավորվեց մի հրաշալի անակնկալով. մարտ ամսվա առաջին օրերին հայտնաբերեցինք մորուքավոր անգղի բույն՝ թաքնված բարձր ժայռի անձավներում: Ամենայն հավանականությամբ ձագուկները ձվից դուրս էին եկել մարտին, իսկ կփետրավորվեն մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Մորուքավոր անգղներ Հայաստանում հազվադեպ կարելի է հանդիպել: Համաձայն Հայաստանի Կարմիր գրքի` ներկայումս ամբողջ երկրի տարածքում վերջիններիս ընդամենը 8-10 բնադրող զույգ կա: Հենց այդ պատճառով մենք անչափ ուրախ և նույնիսկ հպարտ ենք, որ իրենց ձագերին մեծացնելու համար այս թռչուններն ընտրել են հենց ԿԿԱ տարածքը: Այժմ մեր պարտականությունն է կանոնավոր հսկել բնի տարածքը՝ պաշտպանելով նրանց հնարավոր բոլոր վտանգներիցից:

Ցավոք, այս թռչուններին հաճախ որսում են խրտվիլակ պատրաստելու և մի քանի եվրոյով վաճառելու նպատակով: Թևերի տպավորիչ բացվածքի շնորհիվ (մոտ 2.80մ), նրանք որոշ մարդկանց կողմից դիտարկվում են որպես շատ արժեքավոր դեկորատիվ իր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ օրինակ Ռուսաստանում: Խրտվիլակ պատրաստողների հաշվառումն ու կանոնավոր վերահսկումը կարող է ծառայել որպես այս անօրինականությանը վերջ դնելուն ուղղված առաջին քայլ:

Հետաքրքիր էր նաև Բալոբան թռչնատեսակի հայտնաբերումը: Այս հսկայական բազեն ընդգրկված է IUCN Կարմիր ցուցակում՝ որպես վտանգված թռչնատեսակ: Հայաստանում նրանց քիչ է հնարավոր հանդիպել, իսկ բնի հայտնաբերման դեպքեր այստեղ դեռևս չեն գրանցվել: Հայաստանի Կարմիր գրքում որևէ տեղեկություն չկա նրանց թվաքանակի և բազմացման վերաբերյալ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԿԿԱ-ում կա այս թռչնատեսակի բույնը, քանի որ մի քանի անգամ նույն վայրում նկատել եմ երկու բալոբան:

Ձմռան ընթացքում հաճախ կարելի է հանդիպել բեզոարյան այծերի, իսկ մայիսի վերջին հղի էգերը ծննդաբերում են: Ամառային օրերին սողունները նույնպես դուրս են գալիս իրենց ձմեռային թաքստոցներից, քարանձավներից. առհասարակ գարնանը ԿԿԱ-ում պետք է չափազանց զգույշ լինել՝ թունավոր հայկական իժի հետ ճակատագրական հանդիպումից խուսափելու համար, որոնք հատկապես ակտիվանում եմ գարնան առաջին օրերին: Ապրիլի 6 – ին FPWC-ի ամենագնաց ավտոմեքենայի տակ ես նկատեցի անիվին փաթաթված շատ խոշոր հայկական իժ, որտեղ վերջինս վայելում էր շարժչի ջերմությունը:

Ապրիլի 22 – ին՝ «Երկրի օրը» միջոցառման շրջանակներում, բազմաթիվ կամավորների օգնությամբ արդեն 1000 ծառ է տնկվել, այդ թվում ՝ ռուսական նշենի, վայրի ծիրանենի, ընկուզենի և հայկական կաղնի. ևս 1000-ը կտնկվի աշնանը: Անտառապահների կայանի դիմացի տափաստանային տարածքը մի ժամանակ ծածկված էր թփուտներով և ծառերով, սակայն 90-ականներին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր էներգետիկ ճգնաժամի մեջ, գյուղացիները ջեռուցման նպատակով հատեցին տարածքի բոլոր ծառերը: Վերականգնելով անտառը՝ FPWC-ն նպատակ ունի ստեղծել բարենպաստ կենսամիջավայր ԿԿԱ-ում բնակվող կենդանիների համար: Տնկվող ծառատեսակների ընտրությունը կատարվել է տեղի կենդանական աշխարհի «պահանջներին» համաձայն: Այսպես օրինակ. վայրի ծիրանենին կգրավի մուֆլոններին, որոնք սնվում են մրգերով, ռուսական նշենին շատ բնորոշ է տեղանքին և նպաստավոր է վայրի կենդանիների, թռչունների և մանր կաթնասունների համար: Ընկուզենին և հայկական կաղնին նույնպես տեղական ծառատեսակներ են, որոնց պտուղները՝ կաղինն ու ընկույզը շատ կենդանիների կարևոր սնունդն են: Հուսամ, որ մի քանի տարի անց ԿԿԱ-ի այցելուները հնարավորությունն կունենան վայելելու իրենց հանգիստը տնկված կանաչ ծառերի ստվերում և դիտել անտառապահների կայանի մոտ գտնվող վերականգնված անտառի կենդանիներին:

12.01.2013
Անտառապահ` Գոռ Հովհաննիսյան

Գոռ Հովհաննիսյան

Ավագ անտառապահ