25 բուսակներ վերատնկվեցին փորձադաշտում

2016-ի տարեվերջին առանձնացվեցին 25 բուսակներ, որոնք վերատնկվեցին բույսի աճին անհրաժեշտ պայմաններով ապահովված փորձադաշտում։ Դրանք կծառայեն որպես ստուգիչ անտառվերականգնման հիմնական վայրում տնկված 124 բուսակներին։ Եվս 132-ի վերատնկման ունակությունը կստուգվի շուտով։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) 2016-ին հիմնված տնկարանային տնտեսությունը հանգուցային օղակ է բույս-սերմ-բույս կենսացիկլում, որն ամբողջացնում է անտառվերականգնման աշխատանքները։ Ջերմոցի արդյունավետությունը հնարավոր եղավ գնահատել միայն նախորդ տարեվերջին՝ ամփոփելով վեգետացիոն տարվա արդյունքները։

Կիրառված տեխնոլոգիայի բացառիկությունն այն է, որ վերատնկումը կատարվում է միևնույն տարում՝ ցանքից ընդամենը 7-8 ամիս հետո։

Չնայած նախատեսվածից ցածր ծլունակության, ստացված բուսակների մեծ մասն աչքի էր ընկում առողջ վերգետնյա մասով և լավ ձևավորված արմատային համակարգով՝ ապահովելով նախապես հաշվարկված համամասնությունը։

Անտառվերակնգնման հիմնական վայրի ընտրությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Տարածքը ծայրաստիճան քայքայված անտառի վառ օրինակ է, որտեղ պահպանված են առանձին թփեր։ Տեղանքը գտնվում է ձնհալքի հուների անմիջական հարևանությամբ և հակված է էռոզիայի։ Նոր բուսակների տնկումը էապես կնվազեցնի լանդշաֆտի հետագա քայքայումը՝ նպաստելով հոսքաջրերի կուտակմանը և անտառային զանգվածի ամբողջականության վերականգնմանը։

Տնկարանային տնտեսությունը հիմնվել է Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ԱՄՆ Անտառային ծառայության Միջազգային ծրագրերի համագործակցության շրջանակում: