Հովազը դեռ տարածքում է

Մարտ ամիսն էր: Խստաշունչ ձմռանից հետո (մինչև -27C ցուրտ և ոչ մի տեսանյութ` նախորդ տարվա աշնանից ի վեր), հովազի բարեկեցությամբ մտահոգված, բարձրացա լեռը` թակարդ տեսախցիկ տեղադրելու համար, երբ հանկարծ թարմ ձյան վրա նկատեցի հովազի ոտնահետքեր: Ակնհայտ էր, որ կենդանին դեռ ապաստարանում է` ողջ ու առողջ, և դա արդեն հիանալի նորություն էր:

Մենք փորձում ենք ապահովել անհրաժեշտ կենսապայմաններ վտանգված կենդանատեսակների բարեկեցությունն ապահովելու համար. դրա առաջին նախապայմանն էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելն է:

Ես ավելի քան համոզված եմ, որ շուտով հովազին կրկին տեսնելու առիթ կունենանք: Հիմա, երբ որսագողությունը և գերարածեցումը տեղ չունեն ապաստարանում, բնական հավասարակշռությունը դանդաղ, բայց կայուն վերականգնվում է:

Վաղ գարնանն ապաստարանի տարածքում հանդիպել էինք բազմաթիվ գայլերի: Վերջիններս կերել էին անտառապահների 2 ձիերի, վնասել մյուսին և, մոտենալով գյուղին, ոչնչացրել ևս 3 ձիերի և 7 կովերի: Չնայած գայլերի կողմից հասցրած մեծ նյութական և բարոյական վնասին, մենք նրանց, այնուամենայնիվ, չենք որսում: Ի տարբերություն մեզ` գյուղացիները հաճախ զբաղվում են գայլերի որսով, քանի որ յուրաքանչյուր գայլի համար նախատեսված է դրամական պարգև` 100.000 դրամի չափով: Նույն պարգևավճարը գործում էր մինչև 70-ականները Կովկասյան հովազի գլխաքանակի համար, ինչի հետևանքով միայն Ուրցաձորում 2 հովազ որսացին, իսկ վերջին 10 տարիների ընթացքում մոտ 5-6 հովազ` ամբողջ Հայաստանի տարածքում: Ցավալի է, սակայն 1950-1972 թվականներին Հայաստանում շուրջ 75 հովազ է սպանվել, քանի որ այս տեսակի որսը թույլատրված էր. այն գնահատվում էր շուրջ 100-150 ռուսական ռուբլի:

1972 թվականից սկսած հովազի որսը համարվում է որսագողություն, որի համար նախատեսվում է 3,000,000 ՀՀ դրամի չափով տույժ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ազատազրկում: Ըստ IUCN Կարմիր ցուցակի` ներկայումս Հայաստանի տարածքում կարող է բնակվել շուրջ 10-13 հովազ: Մեր կարծիքով՝ այդ թիվը չի գերազանցում 7-ից 8-ը:

Հայաստանում Կովկասյան հովազին փրկելու միակ հնարավոր տարբերակը նրա կենսամիջավայրի պահպանումն է, ասել է թե` ապահովել կենդանու համար էկո-միգրացիոն միջանցք, որը սկիզբ է առնում «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցից և ձգվում դեպի Իրանի և Նախիջևանի սահման:

12.08.2014
Գոռ Հովհաննիսյան

Գոռ Հովհաննիսյան

Ավագ անտառապահ