Սողունները և չղջիկներով բնակեցված քարանձավը

Ամռանը, երբ ջերմաստիճանը հասնում է մինչև 45C-ի, ակտիվանում են նաև միջատները, սարդերը և օձերը, իսկ սողունները դուրս են գալիս իրենց բներից: Օձերը չափազանց ակտիվ էին այս ամառ. տարածքում հանդիպող հայկական իժը (Montivipera raddei) կծել էր հղի ձիուն, որը 4 օր անց պատրաստվում էր ծննդաբերել. ցավոք, չհաջողվեց փրկել ո՛չ մորը, ո՛չ մտրուկին:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում հաճախ են հանդիպում կովկասյան ագաման (Laudakia caucasia) և երկարաոտ սցինկը (Eumeces schneideri), որոնք հաշվառված են Հայաստանի Կարմիր գրքում, քանի որ երկուսն էլ ոչնչացման եզրին են`բնական միջավայրի քայքայման հետևանքով:

Վերջին այցերիցս մեկի ընթացքում տարածքում հայտնաբերեցի չղջիկներով բնակեցված մի խոր քարանձավ, որտեղ կարողացա ճանաչել Մեհելիի պայտաքիթին: Այն սպիտակ է և ունի պայտանման քիթ: Այս տեսակն ընդգրկված է IUCN Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Խոցելի» կարգավիճակով` VU A4c և Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+2ab(iii)․

 

Այս տեսակն առաջին անգամ Հայաստանում արձանագրվել է 1945 թվականին: Այն տարածված է Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում` Արմավիրից դեպի արևմուտք, Երևանի հյուսիսային շրջաններում և Տավուշի մարզկենտրոն Իջևանի տարածքում Այս չղջիկի տեսակը տարեկան միայն մեկ ձագ է ունենում. այդ է պատճառը, որ նրանց թիվը քիչ է, իսկ որոշ շրջաններում, ինչպիսիք են Կարմիր բլուրը, Մագիլը, նրանցից հաշված առանձնյակներ են մնացել: Ներկայումս այս տեսակին կարելի է հանդիպել նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի քարանձավներում: Այստեղ հիմնական վտանգը մարդկանց այցելություններն են քարանձավ հատկապես բազմանալու և ձմեռելու շրջանում, ուստի մենք արգելում ենք նման այցելությունները:

Հաշվետու ժամանակահատվածում մենք հանդիպել և արձանագրել ենք բազմաթիվ գորշ գայլերի, աղվեսների, կզաքիսների, բեզոարյան այծերի, անդրկովկասյան գորշ արջերի իրենց ձագերի հետ, արձանագրել ենք մորուքավոր և սպիտակագլուխ անգղեր:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ունենք ծառերը ջրելու խնդիր. Արարատյան դաշտավայրի ստորգետնյա և արտեզյան ջրերի պաշարները նվազել են ձկնաբուծության պատճառով: Նվազել է նաև Վեդի գետի հոսքը: Չնայած այս բոլոր խոչընդոտներին` մենք շարունակելու ենք տարածքի անտառապատումն ու ծառատունկը:

Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիայի (EOCA) ֆինանսավորման շնորհիվ 2014/2015 ժամանակահատվածում մենք հնարավորություն կունենանք տնկելու ևս 4000 ծառ:

Այս նպատակով արդեն սկսվել է ոռոգման ցանցի նախագծման գործընթացը:

12.08.2014
Մանուկ Մանուկյան

Մանուկ Մանուկյան

Անտառապահ