Գայլերի ուսումնասիրություն ԿԿԱ-ում

Կանադայի Ջասպեր ազգային այգու էկոլոգիական ուսումնասիրությունների մասնագետ Սաակե Հազենբերգը FPWC-ի հրավերով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) անցկացրեց գայլերի թվաքանակի, տեղաբաշխման և հարակից խնդիրների ուսումնասիրություն։

Ուսումնասիրության նպատակն էր պարզել գայլերի խմբերի տեղաշարժը, ուղղությունը, բնադրավայրերից դուրս գալու և մարդկային բնակավայրերին մոտենալու պատճառները։

2011թ-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշումը, ըստ որի գայլերի կանոնակարգված որսը ֆինանսապես խրախուսվում է։

Ուսումնասիրության արդյունքում մասնագետի ներկայացրած դիտարկումներից գլխավորն էր, որ գայլերի ոչնչացումը՝ թվաքանակի կարգավորման նպատակով, կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, մասնավորապես՝ տեսակի վերացմանը Հայաստանում։ Գայլերի ոչնչացման եղանակով  թվաքանակի կարգավորման փորձն իրականացվել և անարդյունավետ է ճանաչվել  աշխարհի մի շարք երկրներում՝ հաճախ հանգեցնելով ծայրահեղ բացասական հետևանքների։ Հայտնի նախադեպ է ԱՄՆ Յելոուսթոն ազգային պարկում իրականացված նմանատիպ նախագիծը, որի հետևանքով գորշ գայլերը դասվեցին վտանգված կարգավիճակում, այնուհետ իսպառ վերացան։ Այժմ Յելոուսթոնում նորից գայլեր կան՝ միայն 1995թ․-ին իրականացված վերաբնակեցման պետական ծրագրի շնորհիվ։

Հազենբերգի ուսումնասիրության արդյունքները FPWC-ն կօգտագործի հատուկ պահպանվող տարածքներում գիտականորեն ապացուցված, ժամանակակից մեխանիզմների կիրառմամբ գայլերի կենսամիջավայրը բարելավելու և մարդ-վայրի բնություն հակամարտության հետևանքով կենսաբազմազանությանտեսակների անհետացման ռիսկների նվազեցման նպատակով։

Սաակե Հազենբերգը վայրի բնության ուսումնասիրության ավելի քան 10 տարվա փորձ ունի, մասնագիտացած է գայլերի և այլ գիշատիչների հետքերի (back-tracking) ուսումնասիրության ոլորտում։

Գայլերը սովորաբար ուշ աշնանն ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։

ԿԿԱ-ում հանդիպում է գորշ գայլը (Canis lupus)։ Գայլերը դեմ չեն կիսել իրենց տարածքը մարդկանց հետ, սակայն, երբ նրանց կենսամիջավայրը մարդկային միջամտության արդյունքում ենթարկվում է փոփոխության այնպես, որ այդտեղ որսի իրականացումն այլևս հնարավոր չէ, ոհմակները առաջ են շարժվում, սննդի որոնումներում հաճախ հասնելով մարդկային բնակավայրեր, հետապնդելով և որսալով խոշոր եղջերավոր կենդանիներին։