ԿԿԱ վայրի բնությունը
Սովորական աշխատանքային օր էր: Երբ սկսեցինք մեր շրջայցը, եղանակը շատ պարզ էր, արևոտ, բայց արդեն փոքր-ինչ զով: Շրջայցը սկսեցինք ապաստարանի այն տարածքում, որտեղ տեղադրված են ամենից շատ թակարդ-տեսախցիկներ. սկսած 2012 թ-ի մարտ ամսից Կովկասյան հովազն ընտրել է այս տարածքը` որպես իր բնակատեղի, և մինչ այդ պահը տեսախցիկները 2 անգամ արձանագրել էին կենդանուն, սակայն, ցավոք, 2 դեպքում էլ տեսանելի էին նրա մարմնի որոշ մասեր միայն:
Շուրջ 50 մետր հեռավորության վրա հանդիպեցին մոտ 12-14 տարեկան խոշոր բեզոարյան այծեր: Մեծ եղջյուրներով այս կենդանիները շատ հանգիստ էին և անգամ չփորձեցին փախչել, երբ մեր շունը` Բոնին, սկսեց հաչել նրանց ուղղությամբ:
Բեզոարյան այծերի նման վարքագիծը թույլ է տալիս եզրակացնել, որ կենդանիներն արդեն լիովին ապահով են զգում տարածքում: Դեռևս 3 տարի առաջ նման հանդիպումն անհնար կլիներ, քանի որ բեզոարյան այծերն իսկույն կփախչեին տեսադաշտից: Արու բեզոարյան այծերի նման անզգույշ վարքագիծն ունի մեկ այլ բացատրություն ևս. սա նրանց զուգավորման շրջանն է, նրանք անընդհատ զույգի փնտրտուքի մեջ են, ինչից էլ հաճախ օգտվում են որսագողերը:
Երկու խոշոր այծերին տեսնելուց անմիջապես հետո մոտ 700 մետր հեռավորության վրա` Դահնակ լեռան ստորոտին, մենք հանդիպեցինք ևս 4 արու այծերի: Ու մինչև հերթով ստուգում էինք տեսախցիկները, մոտ 40 էգ և արու բեզոարյան այծերից կազմված հսկայական խումբ վազեց մեր ուղղությամբ, որոնց թվում էր նաև մի վիթխարի` մոտ 14 տարեկան արու այծ: Անտառապահների կայան վերադարձի ճանապարհին մեզ ևս մի անակնկալ էր սպասվում. մորուքավոր անգղերի նույն զույգը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում բույն էր հյուսել, ինչը հույս էր ներշնչում, որ ինչպես 2012-ի գարնանը, այս անգամ ևս երիտասարդ գառնանգղն ապահով կմեծանա ապաստարանի տարածքում:
30.06.2014
Անտառապահ` Վիրաբ Մխիթարյան

Վիրաբ Մխիթարյան
Անտառապահ